Երկուսը և թիթեռը
Ամառը կես էր ընկել, վարդավառն էր: Այդ օրը, երբ Աստղիկ դիցուհին* հովանավորում է սերը, պետք է կատարվեր մի հրաշք, սիրո հրաշք: Շքեղ ամառանոցների գյուղակը, շրջապատված խիտ անտառով, ընկղմվում էր գիշերային մթության մեջ: Եվ մեկը մյուսից գեղեցիկ, նորակառույց ամառանոցները՝ ասես պճնված օրիորդներ, որ մրցում են իրենց գեղեցկությամբ, էլ մրցելու բան չունեին, նրանցից յուրաքանչյուրը, մթի մեջ, ուներ բացարձակապես նույնատիպ հնարավորություն, մի հնարք՝ աշխարհին ներկայանալու համար, մի ճրագ, մի լամպի լույս ընդամենը: Լռությունը մենակ էր, համենայնդեպս բնության այդ խլացուցիչ անդորրը երկուսի համար չէր, ո՛չ երեքի, Գոռի, Արմինեի և թիթեռի: Գոռը ու Արմինեն, երբեմնի համադասարանցիներ, երեսուն տարի անց, պատահաբար հանդիպել էին այդ ամառանոցների գյուղակում ու հեռացած ներկայից, ավելիճիշտ՝ վերադարձած դպրոցական տարիներ, մանկություն, երիտասարդություն, մեկը մյուսին ընդհատելով զրուցում էին, հիշում, ցնծում, ուրախանում: Իսկ սենյակում հայտնված թիթեռը անընդմեջ հարվածում էր մթությամբ ներկված պատուհանի ապակուն և նրա ամեն մի հարվածը ապակ...