Սպիտակ Գիրքը
Հայրիկիս. Վարդանյան Հովհաննես Գրիգորի, 1911-1997թ. 1996 թվականն էր, Հայաստան էի եկել: Վաղ առավոտյան ինքնաթիռից իջնելուց հետո բավականին շուտ հասա եղբորս, Գրիգորի տուն, որ ապրում է Երևանի օդանավակյանին բավականին մոտ թաղամասում, Բանգլադըշում: Գրիգորը տանը չէր, իր ջոկաթի հետ Ղարաբաղում էր, հերթական անգամ գործուղվել էր Ղարաբաղ, hայկական հուշարձանների քարտեզը կազմող կազմակերպության կողմից: Հովիկն էր տանը, Եղբորս որդին, երբ կարոտներս իրարից առանք, ես հարցրեցի Հովիկին. Ապո, բա պապը ու՞ր է: - Ի՛, պապը Ռեմբոն է դարձել, դեմը չենք կարում առնենք: Ես մերթ ժպիտս զսպելով, մերթ տարակուսանքով, հարցնում եմ, ինչի՞ մասին է խոսքը: - Հոպար, սաղ տնով ինչ անում էնք, չենք կարում դեմը առնենք, նույնիսկ հերթապահել ենք, որ գյոզերով չհելնի գնա Լենինական, բայց ձև չկա, մեկ է, հարմարացնում, պոկվում է, հեսա պապան շուտով կգա ու նորից կգնա կբերի: Մանրամասնելով Հովիկի հետ պապի՝ իմ հոր, նման պահվածքը, պարզեցի այն, ինչի հետ առնչվել էի արդեն երկրաշաժի օրերին: Մոտ մի շաբաթ մեր փլված տան կողքին, բաց երկնքի տակ գիշերելուց հ...