Վաճառվում է իմ կատուն

Վաճառվում է իմ կատուն: Շատ կրթված ու համեստ կատու է: Օքսֆորդի համալսարանի ճաշարանի պահեստում բնակվող կատուների տոհմածառից է սերվում: Շատ պրագմատիկ ու քաջ կատու է, աշխարհի բոլոր մկները վախենում են իրենից, չնայած, որ ինքը շատ բարի է ու սովորաբար խաղում է ռետինից սարգած մկան հետ: Շատ մարդամոտ է և ինչպես բոլոր կատուները, այնպես էլ իմ կատուն, ԳՈ՛Ղ է: Ինչքան էլ «Վիսկաս» կամ «Կիտիկատ» ուտի, աչքը մի բանի վրա է, որ թռցնի: Բնականաբար, շատ ինքնակամ է ու ազատասեր, երբ նստում է ուսերիդ, երբ որ ուզում է, ու ասես թե ո՛չ մի տեղ էլ չի նստել, ու հայացքը անմեղորեն սևեռած ինչ որ կետի, ճանկերը կամա՜ց խրում է ուսերիդ մեջ, ու երբ դու ասում ես «չի կարելի», նա վար է թռչում քո ուսից, գնում է ու հյուրասենյակի հենց կենտրոնում միզում է: Բայց խոստացել է, որ այլևս նման արարք չի անի և իր կատվային շահերը կպաշտպանի ըստ կատվային իրավունքների, այսինքն, ո՛չ ոք չգիտի, թե հաջորդ անգամ որտեղ է միզելու: Շատ հետաքրքիր ու հնչեղ է մլավում, սոխակի նման դայլայլում է, կարծես թռչյունների դասին է պատկանում, մորթին էլ բմբուլի նման փափուկ է: Բայց ես իրեն չեմ վաճառում վերը նշված արժանիքների համար, վաճառվելը իր ցանկությունն է: Ես իրեն հարցրեցի, ուզու՞մ ես քեզ վաճառենք, նա ասեց. - Այու՜. Ուստի, ովքեր ցանկանում են գնել վիրտուալ կատու, կարող են սահմանել իրենց ցանկացած գինը, քանզի կատուն ինձ իր գինը չասեց : Դուք կարող եք կատվին տալ ձեր ցանկացած անունը՝ մեկնաբանության բաժնում: Օվքեր չեն ուզում գնել կատու, կարող են իրենց սահմանած գինը վճարելուց հետո գրել, որ իրենց այդպիսի կատու պետք չէ: Բոլոր դրամական միջոցները կփոխանցվեն կատվին: Կատուն վաճառվում է այստեղ. http://oqsvordikatu.blogspot.com/2010/04/blog-post.html Այն երկրների բնակիչների համար, որտեղ մկներ չկան, կատուն անվճար է: Այսպիսի մի հայտարարություն էր տեղադրել Մանավանդը համացանցում: Կատակ էր արել, մևնույն ժամանակ շատ լուրջ, քանզի այդ կատակը հենվում էր մարդուս հոգեբանության վրա: Նա ստեղծել էր մի սրահ, որտեղ մի մատի շարժումով, յուրաքանչյուրը կարող էր իր փառքի փոքրիկ օլիմպիոսը ստեղծել ընդամենը մի բառ գրելով. Պետք է գներ իր վիրտուալ կատուն և նրան տար անուն, և իր կատվի անունը կիմանար ողջ աշխարհը: Էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր կատվին կտային, ասենք, իր հարևանի անունը: Ամեն ինչ ստացվեց պատահական կերպով, հանկարծակի: Դա պատահեց, երբ Մանավանդը համակարգչի դեմ նստած ընթերցում էր, ու մի բավականին բովանդակալից կայքում դեմ առավ մի գովազդի՝ անշարժ գույքի վաճառքի մասին: Եվ այդ պահին կատուն թռավ ու նստեց իր սիրած տեղը, Մանավանդի ուսերին: Մանավանդը կատվին հարցրեց. - Լսիր , բա մենք ի՞նչ վաճառենք, փիսո ջան, բեր քեզ վաճառենք հա՞, ի՞նչ կարծիքի ես: Կատուն, որ հարմար նստել էր Մանավանդի ուսերին ու կարծես ականջից ինչ որ բան էր ուզում ասել, զգալով տիրոջ ուշադրությունը, լիզեց նրա այտը: - Համաձայն ես հա՞, լա՛վ, որ էդպես է, բեր մի հայտարարություն տանք համացանցում: Այսքան ժամանակ իմ ռեալ կատուն ես եղել, հիմա էլ վիրտուալ կատու եղիր ողջ մարդկության համար: Շուտով հայտարարությունը տեղադրված էր համացանցում: Մի քանի օր էր անցել այդ պահից, Մանավանդը ինչպես միշտ, նարդին պատրաստ դրել էր սեղանին ու սպասում էր Մկոյին, որ շուտով մի զգալի գարեջրի պաշարով «զինված» երկրորդ հարկից, ծանր քայլերով եկավ ու նստեց Մանավանդի դիմաց: Քանի, որ և՛ Մանավանդը, և՛ Մկոն գործազուրկ էին, օրվա աշխատանքային ժամերը անցակացնում էին նարդի խաղալով ու գարեջուր խմելով: Նրանք շատ արագ էին խաղում ու խմում էին առանց աչքերը կտելով միշտ գլորվող զարերից, իսկ գարեջրի սպիտակ փրփուրը մնում էր բաժակների մեջ՝ ինչպես նրանց զայրութի սիմվոլը բարքերի հանդեպ, անտեսված, ու բաժակի հատակին նստած փրփուրը չէր հասնում փչկել մինչև բաժակի նորից լցվելը: Կարծես թե այդպիսով, նրանք իրենց առհամարանքն էին արտահայտում իշխանություններին, որ հասուն ու ամուր տղամարդկանց զրկել էր մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից: Խաղն սկսվեց ու նարդու չխկրտոցը իր տեղն առավ այդ պատերի մեջ: Մանավանդը մի տեսակ անտարբեր էր գլորում իր զառերը, ու Մկոն դա նկատեց: - Էս քեզ ի՞նչ է պատահել, հավես չունե՞ս էսօր: - Հավեսիս ի՞նչ է եղել, մևնույն է կրելու եմ, ինչպես միշտ: - Ահա՛, էլի՛ սկսեցի՞ր: - Ո՛չ, ուղղակի շարունակում եմ: Ի'նչ է, ուզում ես, որ գրածդ... – Դուռը զանգահարեցին: Մանավանդը հյուրերի չէր սպասում ու դժկամությամբ խաղից կտրվելով, մոտեցավ ու բացեց դուռը: Մանավանդի դիմաց հայտնվեց միջին հասակի տղամարդ, կոկիկ հագնված և փողկապով ո,ւ առանց հապաղելու, դիմեց Մանավանդին. - Բարև ձեզ, Այքեզբանյան Մանավանդը այստե՞ղ է ապրում: - Այո՛: - Կարելի՞ է նրան տեսնել: - Այդ Ես եմ: - Ես եկել եմ ձեզ տեղեկացնելու ձեր պարտականությունների մասին: - Լսում եմ ձեզ, շատ հետաքրքիր է: - ասաց Մանավանդը ձեռքերը դնելով կոնքերին, ասես երկրորդ դասարանի երեխան իր ընկերոջը մարտահրավեր նետելուց հետո, ուզում էր իցույց դնել իր անվախությունը: - Դուք ձեր ստացած եկամուտից պարտավոր էք հարկ վճարել: - Ի՞նչ եկամուտ: - Դուք ինտերնետում վաճառքի հայտարարություն տվե՞լ եք: - Մանավանդը խորը շունչ քաշեց ու զարմացած քմծիծաղով պատասխանեց: - Այո՛, տվել եմ, և ի՞նչ: - Այդ գործարքից ստացված եկամուտից դուք պարտավոր եք հարկ վճարել: - Ա՛ռռը հա՛, իսկ ի՞նչ է, շա՞տ գումր է կուտակվել: - Իսկ դուք տեղյակ չե՞ք, թե ինչքան փող ունեք: - Ո՛չ այ մարդ, էդ մասին արդեն մոռացել էի... - Ձեր հաշվի վրա արդեն 300000 Э է կուտակվել, եթե տեղյակ չեք, ապա... Մանավանդը էլ չէր լսում հարկահանին, նրա աչքերը նարդու քարերի նման կլորացել էին, իսկ բիբերը թռվռում էին ինչպես զառերը, բայց առանձին - առանձին, ամեքը մի աչքում, կարծես նրա մեծ քիթն էր խանգառում, որ նրանք միավորվեին ու կանգնեին ամենամեծ նշանի, երկու վեցի վրա, ու թվում էր, թե նա հիմա կբղավի, դուշե՜շ: Մի պահ նա հիշեց, որ իր առաջ հարկահանն է կանգնած, Հավայան կղզիներում արևի տակ լոգանք ընդունելու երազանքը հետաձգեց, սթափվեց, ու իրեն հաշիվ տվեց, թե իր դիմաց ո՛վ է կանգնած: - Մի վայրկյան, պարոն հարկահան: Բայց ես ինչու՞ պիտի հարկ վճարեմ, եթե մարդիկ ուղղակի ինձ փող են ուղարկել: - Դա կոչվում է ինտերնետ մարկետինգ, դուք եկամուտ եք աստացել և պիտի հարկ վճարեք: - Ի՞նչ հարկ, դուք կարդացե՞լ եք, թե ես ի՛նչ եմ գրել հայտարաության մեջ: - Այո, կարդացել եմ, և գնել եմ ձեր կատուն, ու՞ր է, տվեք: - Նախ եթե դուք կարդացել եք, ուրեմն վիրտուալ կատու եք գնել, այնտեղ այդ կետը նշված է: Իսկ եթե ռեալ կատու եք ուզում, հարց չէ, մի շիշ գարեջուր ավելացրեք ձեր վճարածին ու լավ հաստ ձեռնոցներ հագեք, հիմա կատվին կբերեմ, գիտե՞ք ի՛նչ սուր ճանկեր ունի: - Դե լավ, լավ, կատակ արեցի, չեմ ուզում, վերադառնանք մեր խնդրին: Դուք պատրաստվու՞մ եք հարկ վճարել: - Այ մարդ, եթե կարդացել եք, ես ինչ եմ գրել, այնտեղ սևով սպիտակի վրա գրված է: Բոլոր փողերը կփոխանցվեն կատվին, ուզու՞մ եք կատվին կանչեմ, իր հետ ձեր հարցերը լուծեք: - Ձեռ ե՞ք առնում, ես ձեզ լուրջ բան եմ ասում: - Ո՛չ, ես էլ եմ լուրջ ասում, փող չկա՛, փողերը կատվին են պատկանում, ես կստանամ ու կտամ կատվին, կատուն ձեզ ինչքան որ պարտական է, իրենից ստացեք: - Այդ դեպքում կհանդիպենք դատարանում: - Շատ բարի: - Դուք էլ մնաք բարով, առայջմս: - Ցտեսություն: Կատվի դատը - Ո՛տքի, դատարանը գալիս է... Մանավանդը հրաժարվել էր դատապաշտպանից ու կատվազգիների ամենաուժեղ ներկայացուցչի, առյուծի, նման կանգնել էր դատարանի առջև: Ինչպես որ կարգն է պահանջում, դատը սկսվեց ամբաստանյալի անձը ճշտելով ու դատավորը դիմեց Մանավանդին: - Ձեր անուն ազգանուն հայրանունը. - Այքեզբանյան Մանավանդ Նամանավանդի: - Դահլիճից լսվեց մի ռեփլիկա. - Ա՛յ քեզ անուն ազգանուն: - Մանավանդը շրջվեց ձայնի ուղղությամբ ու պատասխանեց: - Բա որ կատվիս անուն ազգանունը իմանա: - Ի՞նչպե՜ս է: - Դեմսխաղչկայան Մկո: - Բա հայրանունը՞. - Վերջացրե՛ք խոսակցությունները: - Ընդհատեց դատավորը: Դատավոր – Պարոն Այքեզբանյան, դուք չե՞ք ժխտում, որ ինտերնետում տեղադրել եք գործարարական հայտարարություն և ստացել եք եկամուտ: - Մասամբ, պարոն դատավոր, մասամբ: - Այսի՛նքն, ի՞նչ եք ուզում աել, ասելով, մասա՛մբ: - Հայտարարությունը ես եմ տվել, բայց իդեան և ձեռնարկումը կատվինն էր, ուղղակի նա միայն կատուների լեզվով է կարողանում տպագրել, իսկ հայտարարությունը պետք էր տպել մարդկային լեզվով, և նրա խնդրանքով ես հայտարարությունը տպեցի ինտերնետում: Դատավորը հեգնանքով նայեց Մանավանդին, մի պահ լռեց, ապա կարծես խաղամոլ, որ տրվում է ազարտին, չկամենալով զիջել, փորձեց Մանավանդին ճզմել հենց իրեն իսկ զենքով: - Ուրեմն գործը ձեռնարկել է կատու՞ն: - Այո՛: - Իսկ ինչպե՞ս են դրամական միջոցները հայտնվել ձեր հաշվի վրա, որը դուք արդեն մինչև վերջին ցենտը ստացել եք: - Պարոն դատավոր, այդ հարցը իզուր եք ինձ տալիս, ես մեղավոր չեմ, որ կենդանիների պաշտպանները չեն կարողանում ամենատարրական իրավունքներն ապահովեն կատուների համար: Ասենք, որ կատուն իրավունք ունենա գնա ու բանկից ստանա իրեն փողերը: Ա՛յ, տեսեք, ամենաազատ երկրում, Ամերիկայում, Մայքլ Ջեքսոնը իր կապիկներին երեսուն միլլիոն է կտակել, ամերիկյան բանկերից հո կապիկները չե՛ն ստանում իրենց փողերը, իսկ ամերիկայի բանկերը շատ էլ լավ սպասարկում են կապիկներին, ինչու՞ ամերիկյան հարկահանները կապիկներից հարկ չեն պահանջում: - Դա նու՞յնպես կատուն ասեց: - Այո՛: - Ուրեմն դուք հաստատում եք, որ գործը ձեռնարկել է կատուն, դրամական միջոցները յուրացրել է կատուն, իսկ դուք ընդամենը կատարել եք կատվի կամքը, օգնել եք նրան: Չեզ այդպե՞ս հասկանաք: - Այո՛ - Եվ ինչպե՞ս վաճառվեց ձեր կատուն, գնորդները գո՞հ են, բողոք չկա՞: - Պարոն դատավոր, դուք չգիտե՞ք, որ շատ մարդիկ ուղղակի պարապությունից մի բանի վրա փող են ծախսում, երբեմն այնպիսի բաներ են գնում, որ ծիծաղելի է, իմ կատվի հաշվարկը հենց նման հոգեբանության վրա էր: Այդ հարցում կատուները շատ են նման մարդկանց, եթե կատուն խաղում է իր պոչի հետ ու բավականություն է ստանում, ապա շատ մարդիկ մի զիզիբիզի բան են գնում կամ վաճառում, դա նրանց հաճույք է պատճառում: - Իսկ ի՞նչ է, դուք զե՞րծ եք նման բաներից, ձեզ դուր չի՞ գալիս գնումներ կատարել: - Ինչպե՛ս չէ, դե դրա համար էլ ասում եմ էլի, կատուն մարդուց քիչ է տարբերվում: - Այդ դեպքում բարի եղեք բացատրել մեզ, համենայնդեպս դուք ինչո՞վ եք տարբերվում կատվից, եթե նրա հետ, ինչպես հավասարը – հավասարի հետ, գործարքի մեջ եք մտնում: - Ո՛չ մի բանով էլ չեմ տարբերվում: - Ախ այդպե՛ս, իսկ այդ դեպքում ինչու՞ համար եք երկու ոտքի վրա կանգնած և ո՛չ թե չորեքթաթ: - Պարոն դատավոր, թույլ տվեք նկատել, որ դուք նույնպես կանգնած չեք ո՛չ մի ոտքի վրա, դուք նստած եք: Չնայած բոլոր ջանքերին, դատավորին չհաջողվեց քողարկել զայրույթը, որ flesh անիմացիաի նման հայտնվեց նրա դեմքին մի պահ ու չկացավ: Ու դատավորը բավականին խաղաղ դեմքով դիմեց Մանավանդին: - Ուրեմն ձեր կարծիքով, կատուն մարդու նման մտածու՞մ է: - Պարոն դատավոր, դեռ ո՛չ ոք հակառակը չի ապացուցել: - Դուք ուզում եք ասել, որ կատվից միայն տեսքով եք տարբերվում: Ես ձեզ ճի՞շտ հասկացա: - Ո՛չ պարոն դատավոր, էլի չհասկացաք, կա մի հատկանիշ, որ մարդը ունի, իսկ կատուն չունի: Ես որպես մարդ, հոգի ունեմ, իսկ կատուն չունի: Եթե հոգի ունենար էդ պոչավոր դևը, բոլոր փողերը կառնե՞ր ձեռքիցս, գոնե մի բան կթողներ ինձ՝ իմ մատուցած ծառայությունների համար, որ հարկ վճարեի ու էստեղ կանգնած չլինեի: Պարոն դատավոր, դուք ընդհանրապես տեսե՞լ եք, որ որևէ հավ կամ խոզ հոգի ունենա: Իսկ ինչ վերաբերվում է խելքին ու մտածելուն, կենդանիների մեջ նույնպես կան խելացիներ, ո՛չ այնքան խելացիներ, ապուշներ, դդեր, տխմարներ, անասուններ, վերջիններիս ինչքա՜ն ասում ես փող չկա, չեն հասկանում: - Լսեք, բավական է ծամածռվեք, դուք հասկանու՞մ եք որ կատուն մարդ չէ՛: - Ես հասկանում եմ, պարոն դատավոր, կատուն չի հասկանում այնպես, ինչպես շա՜տ մարդիկ չեն հասկանում, որ իրենք մարդ են: Մարդիկ կան, որ իրեն ասում ես դու մարդ ես, զարմանում է, ձեռքը գրպանն է տանում, որ տեսնի ինչքանով է մարդ: Նույնությամբ ո՛չխարին ասում ես դու ոչխար ես, չի հասկանում, որ ինքը ոչխար է, գուցե կոտոշներն են խանգարում, չգիտեմ: Եվ նույն պատմությունը էս գող կատվի հետ, ասում եմ դու կատու ես, էն էլ գո՛ղ, նա ինձ պատասխանում է. -Դու իմ փողերը տուր, իսկ ես ինչ եմ ինչ չեմ, դա իմ գործն է, հլը փողերը տուր դնեմ պոչիս տակ, են ժամանակ տեսնենք մեզանից ո՞վ է կատու: - Հենց այդպես էլ ասե՞ց: - Այո՛: - Եվ դուք հասկանու՞մ եք նրան: - Այո՛, ես մարդ եմ, դրա համար էլ հասկանում եմ: - Լա՛վ, եթե դուք մարդ եք ու այդքան ազնիվ, ապա թույլ տվեք հարցնել, ինչու՞ որոշեցիք վաճառել ձեր սեփական կատվին: - Պարոն դատավոր, ես հարկահանին արդեն ասել եմ այդ մասին, հայտարարության մեջ այդ մասին նշված է, այնտեղ գրված է ո՛չ թե վաճառում եմ, այլ վաճառվում է իմ կատուն, ինքն է վաճառվում, ես չեմ վաճառում, դա նրա կամքն է, որոշել էր վաճառվել- ու վաճառվեց, կատուները գիտե՞ք ինչ կամակոր են, որ մի բան մտածեց՝ պիտի անի, դեմը չես առնի: Չնայած ասեմ, որ սա առաջին անգամը չէ, նա միշտ էլ փետրվարի վերջերին ու մարտի սկզբին վաճառվում է, դէ հասկանում եք, չէ՞: - Ոչ, չեմ հասկանում, ես կատվի մլավոցը հասկանում եմ որպես կատվի մլավոց և ուրիշ ոչինչ: - Պարոն դատավոր, իմ կատվի մարտ ամսվա մլավոցը ինչո՞վ է պակաս պոռնկություն քարոզողների նվնվոցներից, կարծես իրենց նեղացնում են, չեն թողնում, որ կարգին իրար սիրեն: Ասեմ, որ ես այդ հարցում կատվիս ու պոռնկություն քարոզողների մեջ խտրականություն չեմ դնում, բոլորն էլ սիրելու իրավունք ունեն: Օրինակ, երբ կատուս մարտ ամսին սկսում է մլավել, ես նրան չեմ մեղադրում մլավելու համար, բնական երևույթ է, բայց դա իր կատվային գործն է, սեռական խնդիրներ ունի, թող պատուհանից թռչի գնա պադվալներում (նկուղներում) կամ աղպարկղների մոտակայքում, էնտեղ շուտ - շուտ են հավաքվում իմիջիայլոց, հա՛, թող գնա էնտեղ իր հարցերը լուծի: Բայց հիմա սեպտեմբերն է: - Լսեք, մեզ ձեր սեռական սեզոնները չեն հետաքրքրում, և բավական է դատը վերածեք ձանձախաբանության: Եթե հարցը սեռական հարաբերությունների մասին է, ապա կարող եք չանհանգստանալ, մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, ու ո՛չ ոք չի կարող ձեզ նեղություն պատճառել ձեր սեռական կողմնորոշման համար: - Վա՜յ պարոն դատավոր, իմ մտքով նույնիսկ նման բան չանցավ, խայտառակ եղա, էս ի՛նչ եք ասում: - Բավական է, շատ ամաչկոտ կատու եք երևում, բայց ձեր ամաչկոտությունը մեզ չի հետաքրքրում: Պատասխանեք հարցին. Ու՞մ ինկատի ունեք՝ կատու ասելով: - Պատասխանում եմ, պարոն դատավոր, էդ կատուն իմ ղազն է: - Ի՞նչ, դուք հիմա՞ր եք ձևանում, ի՞նչ ղազ, ո՞վ է էդ ղազը: - Տեսնում եք, պարոն դատավոր, դուք նույնպես խտրականություն եք դնում կենդանիների մեջ: Եթե ես ասեի փողը տվել եմ ղազիս, վստահ եմ, դուկ կհասկանայիք ինչ եմ ասում ու կհարցնեիք, ո՞վ է ղազը: Իսկ երբ ասում եմ փողը տվել եմ կատվին, չեք ուզում ասել, թե ո՞վ է էդ կատուն, կատուն ղազից ինչո՞վ է պակաս, ղազին կարելի է փող տալ, իսկ կատվի ո՞չ: - Քաղաքացի Այքեզբանյան, մենք արդեն հոգնեցինք ձեր զազրախոսություններից, բավական է: Պատասխանեք վերջին հարցին, դուք չե՞ք ժխտում, որ եկամուտ եք ստացել և հարկ չեք վճարել: - Փողը տվել եմ կատվին, պարոն դատավոր: - Նորի՞ց կատվին, գուցե մկա՞նը: - Ինչու՞ չեք հավատում ինձ: Ինքը կատու՛ է: - Ո՞վ: - Դե էդպես հարցրեք է՛լի, հարցրեք ասեմ, վաղուց արդեն կատվի հետ ձեր հարցերը լուծած կլինեիք: - Լա՜վ, շատ լավ, հարցնում եմ, ո՞վ է էդ կատուն: - Պարոն դատավոր, ես, իհարկե, կասեմ, բայց կարող եմ տուժել, վախենում եմ, թող ձեր աշխատողները գնան ու տեսնեն էդ կատուն ո՞վ է, ընչացու է: Ես իրավունք չունեմ նրան էստեղ ներկայացնելու, նա միշտ ինքն է ներկայանում, ախր կատու է, չէ՞: - Լավ, մենք ամեն ինչ կստուգենք, բայց իմացեք, պարոն Այքեզբանյան, դատարանին թյուրիմածության մեջ գցելու և կեղծ ցուցմունքներ տալու համար Դուք կենթարկվեք առանձին պատասխանատվության, պա՞րզ է: - Այո՛: - Շատ լավ, մենք այսոր կպարզենք թե ո՛վ է ձեր կատուն: Առայժմ ազատ եք: Դատը հետաձգվում է մինչև վաղը: - Մանավանդը անշտապ քայլերով, հանգիստ իր ծխախոտը ծխելով տուն էր գնում: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ ոստիկանները արդեն կոտրում են իր տան դուռը: Եվ երբ Մանավանդը կոտրած դռնից ներս մտավ տուն, հայտնվեց մի զավեշտալի տեսարանի առջև: Երկու ոստիկան, մեկը մեկից առաջ ընկնելով, երբ մեկը ընկնում էր, մյուսը տրորելով ընկածին, լիներ դա նրա թևը կամ ականջը, հերթական անգամ փորձում էր բռնել կատվի պոչից, ապա, երբ անհաջող փորձից հետո տապալվում էր հատակին, մյուս ոստիկանն էր փորձում բռնել կատվի պոչից: Մանավանդը չհասցրեց նրանց կանգնեցնել, երբ կատուն մագլցելով վարագույրներն իվեր հասել էր առաստաղին, թռավ ուղիղ Մանավանդի բաց նոուտբուկի վրա և այն տապալես գետին: Դա միակ արժեքավոր իրն էր, որ դեռ կանգուն էր մնացել սենյակում: Գուցե կատուն իրոք հասկանում էր նրա արժեքավորությունը և զոհաբերեց վերջին հերթին: - Այդ պահին, ինչպես ամպրոպ, թնդաց Մանավանդի ձայնը. - Ա՛յ մարդ, էս ի՜նչ եք անում, դուք հո չե՞ք գժվել: - Ոստիկանը, որ արդեն հասցրել էր ոտքի կանգնել, մասնագիտական, վստահ տոնով, պատասխանեց. - Մենք ենք գժվե՞լ թե՛ դու, քո կատվի ո՛վ լինելն ենք պարզում, փողերը բանկից թռցրել, վարագույրներն իվեր մակլցելով փաղչում է: - Սրամտեց ոստիկանը, հեգնանքով նայելով Նամանավանդին: - Ա՛յ մարդ, էսի կատու չէ՛, էսի փիսիկ է, էս իմ փիսոն է, կատուն վերևում է ապրում, երկրորդ հարկում, վա՛յ ես դրա ինչն եմ ասել, կատու է էլի, մարդու գլխին ինչ օյին ասես չի բերի: - Իսկ ինչու՞ դատարանում չասեցիք, որ նա երկրորդ հարկում է ապրում: - Հարցրեցի՞ք, որ ասեմ, հարցնեիք՝ կասեի, ինչպես հարկն է կներկայացնեի ձեզ կատվին: Եթե ձեզ փիսոն էլ է հետաքրքրում, փիսոիս հետ էլ կծանոթացնեի, բա փիսոի հետ էսպես ե՞ն ծանութանում, հեչ ջենտլմեն չեք: Քիչ անց, Մանավանդը երկու ոստիկանների ուղեկցությամբ, բարձրացավ երկրորդ հարկ: Ձանգահարեց իր ընկերոջ, Մկոի դուռը ու Մկոն դուռը բացեց: - Ահա՛, խնդրեմ ծանոթացեք: - Մկոն ներկայացավ: Բարև ձեզ, ես Մանավանդի կատուն եմ: - Ոստիկաններից ավելի ճարպիկը, որ առաջ էր ընկել, տարակուսանքով շրջվեց իր ընկերոջը: - Լսի, սրանք խելագարվել են: - Ու դիմելով միաժամանակ երկուսին՝ ասաց. - Վաղը երկուսդ էլ կգաք դատարան: Ոստիկանները հեռացան: Կատվի դատը սկսվեց, սկսվեց շատ արագ: Մի երկու բառով հիշեցնելով գործի եղելությունը, դատավորը դիմեց Մանավանդին: - Պարոն Այքեզբանյան, ես ինչպես ձեզ զգուշացրել էի, Դուք արդեն մեղադրվում եք դատարանին թյուրիմածության մեջ գցելու և կեղծ ցուցմունքներ տալու համար: - Պարոն դատավոր, ի՞նչ թյուրիմածություն, ի՞նչ կեղծիք: Բավակն չէ ձեր գործակալները քիչ էր մնում փիսոիս խցկեին սապոգի մեջ ու բռնաբարեին, դեռ մի բան էլ ե՞ս եմ մեղավոր: - Ի՞նչ եք ուզում ասեք, Դուք բողո՞ք ունեք մեր գործակալների հանդեպ: - Ի՛նչ ասեմ, ընկել էին փիսոիս հետևից ու ամբողջ տունը տակնուվրա են արել, գուցե սապո՞գ էին փնտրում, փիսոիս սապոգի մեջ խցկելու համար, ես ի՞նչ իմանամ, իրենց հարցրեք, թե ի՛նչ էին ուզում իմ փիսոից: - Ախ այդպե՛ս, լա՛վ: Ուր է ձեր կատուն, են ձեր գործարար կատուն, ում տվել եք բոլոր դրամական միջոցները: - Այստեղ է, պարոն դատավոր, միջանցքում պպզած, համբերատա՜ր սպասում է ձեր հրավերին: - Հրավիրեք կատվին դատարան: - Մկոն սահուն կերպով ներս սողոսկեց դահլիճի կիսաբաց դռնից և հովազի նման թեթև ու ճկուն ցատկով հայտնվեց դատարանի ամբիոնի առջև: Դատավոր ատամները կրճտացնելով, դիմեց Մկոյին: - Դուք ո՞վ էք: - Ես Մանավանդի կատուն եմ: - Դատավորը զայրացած նայեց Մանավանդին ու շարունակեց: - Շատ լավ, Մանավանդի կատու, Դուք առայժմ ազատ եք, սպասեք միջանցքում, ձեզ նորից կհրավիրեն: - Մկոն նույն ճկունությամբ դուրս եկավ դահլիճից: Դատավորը արդեն չթաքցնելով իր զայրույթը դիմեց Մանավանդին: - Ուրեմն ասյսպես, պարոն Այքեզբանյան: Բացի դատարանին թյուրիմածության մեջ գցելու և կեղծ ցուցմունքներ տալուց, դուք մեղադրվում էք դատարանը անարգելու մեջ: - Ինչու՞: - Դուք ծիծաղի առարկա եք դարձնում դատարանը: - Պարոն դատավոր, ես չեմ հասկանում, թե ծիծղի առարկան էդ ի՞նչպիսի փաստերի վրա է հիմնվում, Դուք նույնիսկ իմ նկարը չունեք ծիծաղելով, բայց չեմ վիճում, ես իրավաբան չեմ: Բայց ես կամենում եմ իմանալ, ինչի՞ վրա է հիմնաված ձեր մեղադրանքները: Ես իմ բոլոր ցուցմունքները կարող եմ ապացուցել փաստերի հիման վրա: - Շատ բարի, մլավեք, ներեղություն, խոսեք, մենք ձեզ լսում ենք: Ներկայացրեք ձեր փաստերը: Սկսեք այն հանգամանքից, թե ձեր կատուն ինչպե՞ս մի օրվա ընթայքում անցավ գիտությանը դեռ անհայտ էվոլյուցիաի ուղի ու դարձավ մարդ, համենայնդեպս՝ տեսքով: Լսու՛մ ենք ձեզ: -  Ախ դա՞ էք ուզում իմանալ: Հարց չէ, պարոն դատավոր: Միայն մի խնդրանք ունեմ, թույլ տվեք նախ պարզել մի փոքրիկ հանգամանք, որ ճիշտ արտահայտվեմ, կարելի՞ է - Խնդրեմ: - Պարոն դատավոր, դուք նարդի խաղու՞մ էք: Դատավորը անակնկալի գալով, պատասխանեց: - Այո՛, և ի՞նչ: - Ոչ մի բան, կարևորը դա էր ու ես իմացա, հիմա դաստեմ իմ փաստերը: Մանավանդը գրպանից հանեց մի ճմրթված թղթերի հաստ կապոց: - Ուրեմն, պարոն դատավոր, այս փաստաթղթերը, բոլորը միանշանակ վկայում են այն մասին, որ Մկոն իմ կատուն է: Ես գիտեմ, որ երբ մարդը կամավոր կերպով իր ստորագրությունը դնում է որևէ փաստաթղթի ներքո, անկախ նրանից, թե այդ փաստաթուղթը ով է կազմել, դա իրավական ուժ ունի, թեկուզ և որևէ իրավական օրգանի կողմից հաստատված չէ: Մանավանդը գոհունակ ու հարցական նայեց դատավորին: Դատավորը հեգնանքով դիմեց: - Շարունակեք, մենք ձեզ լսում ենք: - Ուրեմն, պարոն դատավոր, եթե դուք նարդի խաղալ գիտեք ու լավ զառեր եք բերում, լավ պետք է գիտենաք, թե այս փաստաթուղթը ի՛նչ հզուրություն ունի, ի՛նչ արտոնություններ ու իրավունքներ է տալիս մարդուն, որը միշտ հաղթում է, և գիտեք, թե ինչպիսի անբեկուն ուժ ունեն այս փաստաթղթերը: Դատավորը ընդհատեց Մանավանդի իրավագիտական ճառը: - Լսեք, մենք ձեր լուսաբանության կարիքը չունենք, եթե հիմա իսկույն չներկայացնեք ձեր այսպես կոչված փաստերը, ես ձեզ կզրկեմ ձայնի իրավունքից, հասկացա՞ք: - Այո՛: - Դե լսում ենք ձեզ, կարճ, կոնկրետ, ի՞նչ թղթեր են, ու՞մ են պատկանում: - Սրանք բոլորը կատվագրեր են, պարոն դատավոր, սրանց բոլորի մեջ սևով սպիտակի վրա գրաված է, որ Մկոն իմ կատուն է, բոլոր փաստաթղթերի ներքո կա Մկոյի ստորագրությունը, որով նա հաստատում է, որ ինքը իմ, Այքեզբանյան Մանավանդ Նամանավանդի կատուն է: Վերջացնելով իր ելույթը, Մանավանդը, հանդիսավոր կերպով, թղթերը դրեց դատավորի սեղանին: - Արագ աչք անցկացնելով թղթերը, դատավորը դիմեց Մանավանդին: - Եվ ի՞նչ, դուք այս խաղաթղթիկների հիման վրա ուզում եք հաստատել, որ Դեմսխաղչկայան Մկրտիչը կատու՞ է: - Այո՛, կարող եք իրեն հարցնել, ինքը ձեզ կասի, կատու է,՞ թէ՛ կատու չէ՛: Պարոն դատավոր, եթե դուք նարդի եք խաղում, ուրեմն դուք գիտեք, ախր ես ձեզ արդեն ասացի ղազի ու կատվի մասին, մենք ուղղակի ղազագրի փոխարեն կատվագրի վրա ենք խաղում: Պարոն դատավոր, վստահ եմ, որ դուք էլ նման փաստաթղթեր կունենաք, ղազագրեր, ձեր ղազերը ղազ չե՞ն: - Լսեք, Դուք ձեր ղազագրերը ձեր խաղընկեերներին ցուցադրեք, էստեղ դատարան է: - Այո պարաոն դատավոր, ղազագրերը ղազերի համար են և ղազագիր ստորագրողները իրենց պահում են ղազի պես, իսկ սրանք կատվագրեր են, իսկ դուք գիտեկ չէ՞ կատուն ինչպես է պահում իրեն, ո՞վ կարա կատվին իր կամքը թելադրի, նա որտեղ և երբ ուզենա կասի, որ ինքը կատու է, տվյալ դեպքում իմ կատուն է, էն ձեր ասած գործարար կատուն: Օրինակ, եթե դուք ղազագրեր ունեք, դրանք միայն ղազերի համար են իսկ... Դատավորը ընդհատեց Մանավանդին. - Ինչ եք ուզում ասած լինեք, ասելով, ղազագրերը ղազերի համար են: - Ո՛չ, ո՛չ պարոն դատավոր, ես արդեն ասել եմ, դուք ղազ չեք, ուզու՞մ եք հենց հիմա մի օյին խաղանք, վստահ եմ, որ դուք կհաղթեք, վեց զերո հաշվով կտանեք ինձ: - Լսեք Մանավանդ, վերջացրեք խեղկատակությունները, պատասխանեք հարցին: - Դե արդեն ասեցի էլի, պարոն դատավոր, մանրամասն ասեցի իմ կատվի ծակումնաբանութունը, համաձայն նարդու էվոլուցիոն գործունեությանը, դուք հո չե՞ք ժխտում, որ նարդին մարդու զարգացմանը նպաստող խաղ է: Ուղղակի նարդի խաղալուց մենք խաղում ենք կատվագրի վրա ու ես միշտ հաղթում եմ, բոլոր հաղթական վկայագրերը ներկայացրի ձեզ, ես մեղավո՞ր եմ, որ հաղթում եմ, գիտե՞ք ի՛նչ զառեր եմ բերում, ուզածս պահին դուշեշ, պետք է դհորտջհար, իքիբիր է պետք, հարց չկա, հենց առաջին գլորելուց գալիս է: Պարոն դատավոր դուք ո՞ր զարն էք շատ սիրում դուշե՞շ, թէ՞ դուբեշ: Դատավորը մի հոգնած հայածք նետելով Մանավանդի վրա, ասաց, -Նստեք առայժմս, մենք այս խաղին դեռ կվերադառնանք,- ու բարձրաձայն հրամայեց. - Հրավիրեք կատվին դատարան: Մկոն նորից կատվին հատուկ ճկունությամբ հայտնվեց ամբիոնի առջև: Նա ձեռքերին հագել էր սպիտակ ձեռնոցներ, ավելի ճիշտ, թաթմաններ, ու երկու ձեռքերը ցուցադրաբար, հանգի՜ստ ու փափուկ դրեց ամբիոնի վրա այնպես, որ բոլորը տեսնեին: Մկոն հագել էր սև կոստյում ու կապել էր մի բավականին լայն ու սպիտակ փողկապ: Նրա հագուստը, ձեռնոցներով հանդերձ, այնպես էին համապատասխանում նրա կատվային աչքերի ու կլոր դեմքի հետ, որ նույնիսկ ներկայանալ պետք չէր որպես կատու, դա ակնհայտ էր, նրա մազերը նույնիսկ կարծես մազեր չլինեիվ այլ սև կատվի մորթի: Նա նման էր մի սև կատվի, սպիտակ կրցքով ու սպիտակ թաթերով: Դատավորը նորից ոտից գլուխ նայելով Մկոյին, տվեց առաջին հարցը: - Պարոն Մկրտիչ, այս թղթերի վրա դուք ստորագրել եք, որ դուք կատու եք, դա այդպե՞ս է: - Պարոն դատավոր, այդ թղթերի մեջ նշված է, որ ես Մանավանդի կատուն եմ, իսկ ձեր համար, նարդին շարեք տեսնենք մեզանից ո՞վ է կատու: Դատավորը քմծիծաղով հարցրեց: - Իսկ Դուք գիտե՞ք, թե ինչպես են պատժում կատվին: - Այո՛, այնքան են տփում, որ կղկղի տակը, մի հատ էլ կղկղելու համար են տփում: - Ձեզ այստեղ ոչ ոք չի պատրաստվում, ինչպչես ասում եք, տփել, գոնե այն բանի համար, որ ձեզ բախտ չի վիճակվել լինել իսկական կատու: Եթե Դուք ձեզ ինքնակամ կերպով կատու եք անվանել, դա ձեր իրավունքն է և մենք ձեզ կանվանենք կատու, բայց դա չի նշանակում, որ Դուք ազատվում էք ձեր քաղաքացիական պարտականություններից, դա ձեզ պա՞րզ է: - Ո՛չ: - Դա արդեն ձեր անձնական խնդիրներն է, դատարանը ձեզ պարզաբանեց ձեր իրավունքները, որոնց հիման վրա Դուք կարող եք մասնակից լինել որևէ գործարքի ու համապատասխանաբար պատասախնտվություններ կրել: Պատասխանեք հետևյալ հարցին: Այքեզբանյան Մանավանդի հետ դուք ունե՞ք պայմանագիր համացանցում կատարված գործարքի վերաբերյալ: - Այո՛: - Եվ ինչու՞ Դուք մինչև հիմա հարկ չեք վճարել: - Փողը բաժանել եմ կատուներին, բայց արդարության համար ասեմ, որ բոլորից շատ կյաժին եմ տվել: - Հիմա էլ կյա՞ժը, ո՞վ է էդ կյաժը: - Սովորական կյաժ կատու է, պարոն դատավոր, էլ ո՞վ պիտի լինի: - Ես ձեզ երկուսիդ էլ բանտ կնստացնեմ, դատարանը ծաղրելու համար: - Ինչու՞ պարոն դատավոր, ես ճիշտ եմ ասում, չնայած են չալոին էլ մի քիչ շատ տվեցի, շատ էր նվնվում, ասում էր կրիզիս է, բուրդս լռիվ թափել է, ուզում էր սանատորյա գնալ, բայց փախավ, ելավ գարաժի կրիշը: Ինձ չեք հավատում՝ իրեն հարցրեք, պարոն դատավոր... - Վերջացրե՛ք: Ես ձեզ նման կատուների հետ խոսել չգիտեմ, եթե կատվին եք տվել, հենց հիմա կանչեք, թող պատասխան տա ու մենք տեսնենք, թե ինչպես եք Դուք կատուների հետ համագործակցում: - Ես արդեն իրենց ասել եմ էդ մասին, պարոն դատավոր, հատկապես կյաժին, հենց որ հարկ վճարելու անուն իմացավ, փախավ ելավ գարաժի կրիշը, ես հիմա նրանից ինչպե՞ս փող վերցնեմ: - Ինչպես որ բաժանել եք, այնպես էլ վերցրեք, եթե դուք կատուներին փող եք բաժանում, ապա պետք է հասկանայիք, որ այդ փողերը երկնքից չեն թափվում ու հարկավոր է հարկ վճարել: - Ասել եմ, պարոն դատավոր, դա էլ եմ ասել, հենց ձեր ասածը, բառացիօրեն են կյաժին ասեցի, մլավում, այսինքն ասում է, թե ես ինչու՞ պիտի հարկ վճարեմ, երբ ո՛չ ընտրությունների եմ մասնակցում, ո՛չ սոցիալական բարիքներից եմ օգտվում: - Վա՛, ձեր կատուները ուզում են ընտրությունների՞ մասնակցեն, գուցե և կատուների կուսակցությու՞ն են կազմել: - Իսկ ինչու՞ ո՛չ, պարոն դատավոր, կուսակցություն կա, կազմել են, կարգին լիդեր չունեն, նվնվում են, թե մի հատ օրենքից հասկացող կատու է պետք, որ իրենց առաջնորդի: Իմիջիայլոց, եթե ցանկանում եք, պարոն դատավոր, ձեր թեքնածությունը կարող եմ առաջարկել: - Պարո՛ն, Դուք չափն անցնում եք, ես ստիպված կլինեմ ձեզ տուգանքի ենթարկել, դատարանը անարգելու համար: - Ես ի՛նչ անեմ, պարոն դատավոր, կատուն ինչ որ ասել է, ես էլ ձեզ եմ ասում: - Դե բավական է, պարոն փիսո, դուք արդեն չափը անցաք: Դուրս տարեք այս խեղկատակին դատարանից: Ոստիկանը բռնեց Մկոյի թևից ու դուրս տարավ դահլիճից: Մանավանդը գլուխը վեր էր բարձրացրել ու նայում էր առաստաղին, նրա նեղ ու նիհար դեմքի վրա մեծ քիթը ասես մի հսկայական հարցական նշան, ցցվել էր օդում ու երևում էր հետևի նստածներին: Ո՛չ, նա իր հայացքը վեր չէր ուղղել աստծուց արդարություն պահանջելու համար, նա ջութակահար էր, նա պաշտում էր Նիկոլո Պագանինիին ու աստծու հետ ուներ նույն հարցերը՝ ի՛նչ որ իր կուռքը: Նա զարմացած էր, նա զարմանում էր, որ մարդիկ երբևէ իրենք էին մեղադրում Պագանիննիին կատվի հետ պայման կնքելու մեջ, իսկ այսօր նույն մարդիկ ծիծաղում են, չեն հավատում, որ կատվի հետ կարելի է պայմանավորվել: Նա մտածում էր, եթե ամեն ինչ կրկնվում է, ուրեմն կգա մի ժամանակ, երբ իրեն կարդարացնեն ու կմեղադրեն կարգերին, որ չեն հավատում, որ կատվի հետ կարելի է պայման կնքել, և ի՞նչ տարբերություն: Թերևս նա հասկանում էր, որ մի կողմից դա լավ է, քանզի եթե հիմա լինեին այն ժամանակվա բարքերը, եկեղեցին նրան խարույկի վրա կայրեր, ուստի բավարարվում էր միայն զարմանքով, առանց որևէ պահանջի, մի անտարբեր ու անպահանջ զարմանք էր թառել նրա ոսկրոտ դեմքի վրա, իսկ խոր աչքերը ապահով կերպով քողարկել էին նրա ծիծաղը: Դատավորը նորից դիմեց Մանավանդին: - Պարոն Այքեզբանյան, քանի որ դրամական միջոցները բանկից դուք եք ստացել, պատասխանարվությունը դուք էք կրում: Դուք մեղադրվում եք անօրեն գործարք իրականացնելու մեջ, ձեզ պա՞րզ է մեղադրանքը: - Պարոն դտավոր, ես հայտարարություն ունեմ անելու: - Խնդրեմ: - Ես քիչ առաջ խոսել եմ կատվի հետ, նա պատրաստ է խոստովանությամբ հանդես գալ: - Շատ բարի, հետ կանչեք այդ կատվին դատարան: Մկոն նորից կատվին հատուկ ճկունությամբ հայտնվեց ամբիոնի մոտ: - Դուք ուզում էք խոստովանութու՞ն անել: - Այո՛, պարոն դատավոր, ես իրոք, որոշ բաներ կուզենայի բարձրաձայնել այս դահլիճում: - Խնդրե՛մ: - Ես, որպես կատու, պատկանում եմ առյուծների ցեղին, և ինչպես տեսնում եք, մնացած կատուներից շատ մեծ եմ, ճիշտ է, առյուծի չափ չեմ, բայց էդքան էլ փոքր չեմ: Դուք լավ գիտեք, թե մի առյուծ պահելը ի՛նչ ծախսերի հետ է կապված, իսկ ես պետությունից որպես առյուծ, որևէ օգնություն չեմ ստանում: Եթե ջունգլիներում ապրեի, ես իմ մասին կհոգայի, բայց ապրում եմ պետության մեջ և գտնվում եմ բացարձակ անօգնական վիճակում: Ես ինչո՞վ եմ պակաս որևէ օլիգարխի առյուծից, որին նա օրական այնքան միս է տալիս, որ կարելի է մի մանկապարտեզ կերակրել: Դուք գիտե՞ք առյուծը օրական ինչքան միս է ուտում: Այդ առյուծը հարկ վճարու՞մ է: - Առյուծի տերն է վճարում: - Ավելացրեց դատավորը հեգնանքով: - Դե թող իմ տերն էլ վճարի, ես դեմ չեմ: - Ձեր տերը Դուք եք: - Չէ՛, պարոն դատավոր, ես անտեր եմ, ես մի անտեր կատու եմ, գուցե իմ տերը էս երկրի նախագա՞ն է, իհարկե, եթե կատուների հետ պրոբլեմներ չունի, թող նախագան էլ վճարի էդ հարկերը, դեմ չեմ լինի, որ մի հատ գրանտ էլ ինձ նշանակի, որպես ազատության սիմվոլ, չէ՞ որ նա միշտ ազատությունից է խոսում: - Բավական է փիլիսոփայեք, Դուք հարկ վճարելու՞ եք, թե՞ ոչ: - Ո՛չ: Դատավորը ցուցադրական համբերությամբ շրջվեց դեպի Մանավանդին: - Սա՞ էր նրա հայտարարությունը: - Ո՛չ պարոն դատավոր, ես էս կատվի մասին չէի ասում, խոսքս են աներես կյաժի մասին էր: Դատավորը արդեն չթաքցնելով իր զայրույթը, կանգնեց ու խրոխտ ձայնով հայտարարեց: - Ես տեսնում եմ, դուք շատ կազմակերպված ձևով, որոշել եք ձիծաղի առարկա դարձնել դատարանը: Հաշվի առնելով ձեր ո՛չ ադեկվատ պահվածքը, դատարանը որոշեց: -Նախքան վերջնական վճիռ կայացնելը, ստուգել ամբաստանյալի հոգեկան վիճակը, պարզելու համար, նա մեղսունա՞կ է, թե ո՛չ: Դատը հետաձգվում է երկու օրով, այդ ժամանակընթացքում մեղադրյալները կանցնեն բժշկական ստուգում: - Ոտքի, դտարանը գնում է: Հայտարարեց քարտուղարուհին ու աչքով արեց Մանավանդին: Այդ պահին Մանավանդը պատրաստ էր հարյուր անգամ տարվել նարդի խաղալուց և ունենար գոնե մի կատվագիր, որի համաձայն նա կարող էր մլավել իր զգացմունքները այդ գեղեցկուհու հանդեպ: Հոգեբուժարանում Հոգեբուժը կատու չէր սիրում, հատկապես կյաժերին, և դրա համար նա ուներ լուրջ պատճառ: Հարևանի կյաժ կատուն ներս էր մտել նրա պատուհանից տուն ու խժռել էր հոգեբուժի արջամկանը: Նա, լինելով հոգեբուժ, չէր կարողանում իր մեջ հաղթահարել այդ կորուստը և երբ հանկարծ խոսքը գնում էր կատվի մասին, նա միշտ ասում էր. հետաքրքիր է, դրանք ո՞նց են վանդակի դուռը բացում: Իսկ երբեմն նա այդ մասին ասում էր խոսակցության այնպիսի պահին, որ ո՛չ մի կապ չկար կատվի վանդակը բացելու ունակության հետ: Մանավանդը հանգիստ ու վստահ քայլերով մտավ հոգեբուժի առանձնասենյակը: Հոգեբուժը, որ սպասում էր նրան, հարցրեց. Կատուն դու՞ք էք: - Նարդին շարի, ես քեզ կասեմ թե մեզանից ո՛վ է կատու: - Բայց դրանք ինչպե՞ս են վանդակները բացում: - Իսկ գիտե՛ք ինչքան ագահ են: - Այո գիտեմ, կատուն կշտանալու հատկություն չունի, դա կապված է նրա ֆիզիոլոգիաի հետ, նա միշտ սոված է: - Իսկ գիտե՞ք ինչպիսի կապեր ունեն բանկերի հետ, հարգելի բժիշկ, փող է, որ թռցնում ու տանում են: Խնդրեմ, մեր փողերն էլ թռցրել, ելել է գարաժի կրիշը ու վար չի իջնում: - Դուք քանի՞ տարեկան էք: - Դրանից էլ պիտի հարկ վճարե՞մ, աչքի՛ս վրա, եթե ուզում եք ինձ ջահելացնեք, մի քսան տարի կտամ, մենակ չխաբեք: - Հոգեպե՞ս թե՞ ֆիզիկապես եք ուզում ջահելանալ: - Ֆիզիկապե՜ս, հոգեպեսը միշտ էլ կա, ի՞նչ է եղե՞լ որ: - Լավ, եթե ձեր հոգին տեղն է ու ո՛չ մեկին չեք ուզում տալ, ուրեմն Դուք... - Վա՛յ, այ մարդ, ինչպե՞ս թե ո՛չ մեկին չեք ուզում տալ, հոգիս որ տամ, էլ ինչի՞ս է պետք ձեր մնացած ծառայությունները: Լսի դու հոգեբուժ ե՞ս, թե՞ հոգեառ: - Ո՛չ, ո՛չ, դուք ինձ ճիշտ չհասկացաք, ես ուզում էի ասել, որ եթե ձեր հոգեկանը վերականգնելու կարիք չկա, ուրեմն դուք առողջ եք ու մեղսունակ, դուք ազատ եք, հրավիրեք ձեր ընկերոջը: Հոգեբուժի սենյակ ցատկեց Մկոն ու կատվի ճկունությամբ սահելով, նստեց հոգեբուժի դիմաց: - Կատուն Դու՞ք եք: - Այու՜: - Պարզ է, դու լավ էլ վանդակ կբացես, քեզանից ամեն ինչ սպասելի է: - Մյա՛, չհասկացանք բժիշկ ջան, դատարանը դեռ ո՛չ մի որոշում չի կայացրել, իսկ Դուք արդեն վանդակից եք խոսում: Ա՛յ քեզ բան: - Այքեզբանյանը առողջ է, հիմա ձեր առողջական վիճակն ենք պարզում: Դուք նույնպես ինձ ճիշտ չհասկացաք, ուղղակի մի կյաժ կատու... - Վա՜յ ես էդ կյաժերի ինչն եմ ասել,մեր փողերն էլ դա տարավ: - Հասկանում եմ, ես ձեզ լռիվ հասկանում եմ, ինքս նույնպես տուժել եմ էդ կյաժից, այդ հարցում մենք համախոհներ ենք: Ես ձեզ շատ կուզենայի օգնել, դատից խուսափելու համար, բայց ավաղ տեսնում եմ, որ Դուք շատ առողջ դատողություն ունեք: Դուք շատ ճիշտ ու պարզ եք արտահայտվում կյաժերի մասին, բայց ես պետք է կատարեմ իմ պարտականությունները, Դուք ինձ հասկանու՞մ էք: - Այու՜ - Այդ դեպքում, պետք է գրեմ, որ դուք մեղսունակ եք: - Պարոն բժիշկ, լսեք ինչ եմ ասում: Բա են 300000 եվրո՞ն, որ տարավ էդ կյաժը, ո՞վ է հետ բերելու: - Բա իմ արջամու՜կը: Քիչ մնաց արտասվեր բժիշկը: - Ուրեմն տեսեք ի՛նչ եմ ասում: Գրեք, որ ես մեղսունակ չեմ ու ես էդ կյաժի հախիցը կգամ, գետնի տակից էլ լինի կգտնեմ, Դուք տեսա՞ք ես ի՛նչ ճարպիկ ու ճկուն եմ շարժվում: - Այո՛: - Ուրեմն մի կասկածեք, ես լավ գիտեմ կյաժին, ես նրա բոլոր թույլ կողմերը գիտեմ, համ ձեր արջամկան համար պատասխան կտա, համ էլ բոլոր հարկերը կվճարի, դուք ուզու՞մ եք էդ կյաժին պատժել: - Այո՛: - Դե գրեք, որ ես մեղսունակ չեմ: - Մի անհանգստացեք, ես իմ վճիռը կուղարկեմ դատարան: - Շատ լավ, իսկ ես հենց այսօր կսկսեմ բանակցությունները կատվի հետ: Հուսով եմ նա ձեր արջամուկը դեռ չի մարսել: - Իսկ դա ի՞նչ նշանակություն ունի: - Ինչպե՞ս թե, դուք չքիտեք թե կատվին ինչպես են պատժում: Կատվին էնքան են տփում մինչև կղկղի, հետո մի անգամ էլ կղկղելու համար են տփում: Իսկ եթե նա արդեն մարսել է ձեր արջամուկը, ապա դժվար թե առաջին քոթակը ուտելուց հետո կղկղի, մի անգամ քոթակ ուտելով պրծնելու է, իսկ ժամանակակից քաղաքականության մեջ այդպիսի սանկցիաները պետք է կատարել ճիշտ ժամանակին: - Ի՞նչ սանկցիաներ, չեմ հասկանում: - Դե ասեցի էլի, ես դատավորին էլ եմ ասել այդ մասին, նա լավ էլ հասկացավ ինչ եմ ասում: - Հուսով եմ ձեզ այդպես չեն պատժի: - Հա՛ - հա՜, ինձ չեն կարող այդպես պատժել: - Ինչու՜: - Որովհետև ես մի՛շտ սոված եմ:

Comments

Popular posts from this blog

Մարուքյանի մարտադաշտը

Փոշոտ ծառերը

Նախագահի տապանը

Վերք Հայաստանի

Թայքյաշ տոտա

Ուստեն

Միշտէլ այսպես է եղել

Ուռած տերտերը

ԵՍ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ

Սպիտակ Գիրքը