Տեր Պոետիկը

Դպրոցի զուգարանի դուռը ներսից գրեթե չէր փակվում, գրեթե, որովհետև ներսից փականք կար, բայց արդեն այնքան էին դուռը զոռով բացել, որ փականքը գրեթե ձևի համար էր, մի քիչ ուժեղ ձգելիս դուռը բացվում էր: Փականքը այդ օրին հասել էր բնական ճանապարհով, այսինքն՝ ո՛չ այնքան բնական: Փականքը դեռ իր գործելու ժամկետը ապրելուց շատ հեռու էր, բայց արդեն խարաբ էր, այն փջացել էր, քանի որ դուռը հաճախ ստիպված էին այնքան ուժգնորեն ձգել, որ փականքի լեզվակը ծռվի և դուռը բացվի: Իհարկե, կարելի էր փականագործ կանչել ու դուռը բացել այնպես, որ փականքը չփչանա, բայց զուգարանի դուռը բացելու համար փականագործ չէին կանչում երկու պատճառով, առաջինը, որ դուռը բացում էին աշակերտները ու այդ մասին նույնիսկ չէին էլ մտածում, իսկ երկրորդը՝ երկրոդը ավելի հասկանալի պատճառ է, զուգարանի դուռը միշտ շտապ կարգով բացել էր պետք: Դպրոցի արհեստավորը տեղյակ էր այդ մասին, բայց ոչինչ չէր կարող անել, որովհետև դռան փակվելը փականքի անսարգության պատճառով չէր, այլ ինչ որ մերկը ներսից փակում էր դուռը և անհայտանում: Ո՛չ ոք չգիտեր, թե ո՛վ է այդ անհայտ չարագործը, որի պատճառվ որոշ աշակերտներ զուգարան գնալիս արդեն հայտնվել էին շատ անհարմար վիճակում, իսկ դուռը պարբերաբար շարունակում էր ներսից փակվել, ավելի՛ն, չարագործը փականքը որոշ չափով կարգի էր բերում, որ դուռը լավ փակվի: Այդ չարագործը տասերորդ Բ դասարանի աշակերտ Վաղինակ Սարգսյանն էր: Վաղինակը դուռը փակում էր սոսկ սեփական խնդիրները լուծելու համար, այո, խնդիրները, ո՛չ թե կարիքները: Խնդիրը կայանում էր նրանում, որ Վաղինակը հաճախ վերջին դասաժամերին չէր մասնակցում, տուն էր գնում, իսկ դրա համար նրան նախատում էին ինչպես տանեցիները, այնպես էլ դպրոցում: Եթե նա գլխավոր մուտքից դուրս գար ու գնար տուն, ապա բոլորը արդեն գիտեին, որ Վաղինակը նորից դասերից փախավ, համ դասղեկը կիմանար, համ էլ լուրը տուն կհասներ: Ու վաղինակը գտել էր հարցի լուծումը, դասերից փախչել ծածուկ, որ ո՛չ ոք չտեսնի: Նա մտնում էր տղաների զուգարանը, դուռը ներսից փակում էր, բարձրանում էր պատուհանի գոգը, ու պատուհանի օդանցքից դուրս էր սողոսկում, նա օդանցքից էր դուրս սողոսկում, քանի որ պատուհանի փեղկերը մեխած էին, չէին բացվում: Իսկ երբ տղաների մեջ զուգարանի դուռը ներսից փակվելու լուրը տարածվեց, Վաղինակին արդեն բացի իր հիմնական խնդրից,, հետաքրքրում էր զուգարանի դուռը բացելու տեսարանը, նա երբեմն դուռը ներսից փակում, օդանցկից դուրս էր սողոսկում ու նորից վերադառնում դպրոց, ու լիաթոք հրճվում էր՝ դիտելով զուգարանը գրավելու տեսարանը: Նա այդպես էր վարվում հատկապես, երբ Սարգիսը գնում էր ճաշարան: Սարգիսը միշտ ճաշարանից դուրս գալով դիմում էր ուղիղ զուգարան: Ճաշարանից մինչև զուգարան, դպրոցի միջանցքներով, մոտ հարյուր մետր էր, Սարգիսը շատ արագ էր քայլում և այդ ճանապարհը անցնում էր մի քանի վայրկյանում: Վաղոն մտածում էր, իզուր Սարգիսը թեթև ատլետիկայով չի զբաղվում, նա կարող էր նոր ռեկորդ սահմանել հարյուր մետր վազքում, իհարկե, եթե մրցումների ստարտը լինի ճաշարանը, իսկ վերջնագիծը՝ զուգարանը: Երկրորդ դասաժամն էր, Վաղինակի գլուխը, ինչպես ասում են, արդեն տանձ էր կշռում, ուզում էր տուն գնալ, բայց երրորդ դասաժամը դպրոցի դիրեկտորի դասաժամն էր, որ Հայ գրականություն էր դասավանդում, վտանգավոր էր, ու Վաղինակը որոշեց տուն գնալ երրորդ ժամից հետո: Բայց երբ սկսվեց երկրորդ դասաժամը, Վաղինակը փոշմանեց, որ այդ օրը ընդհանրապես դպրոց էր եկել, նորից փող են հավաքում: Նախքան դասը սկսվելը, դասղեկը մի մեծ արկղ մի աշակերտի շալակը տված մտավ դասարան: - Երեխաներ, այս արկղով ձեզ համար գիրք ենք բերել: Անահիտ, բաժանիր գրքերը: Ու դասարանի ավագը սկսեց ամեն աշակերտի սեղանին դնել բավականին հաստափոր մի գիրք: - Երեխաներ, այս գիրքը մեր դպրոցի դիրեկտորի բանաստեղծությունների ժողովածուն է, հենց այսօր ենք ստացել հրատարակչությունից: Անահիտ, կազմիր ցուցակ և հավաքիր գրքերի փողը: Երեխաներ ջան չուշացնեք, անհարմար է, դասարաններ կան, որ փողը նախօրոք են տվել: Եվ Վաղինակի պայուսակում, որտեղ բոլոր առարկաների համար մի տետր էր ընդամենը, հայտնվեց մի գիրք, դա բավականին ծանր բեռ էր նրա համար: Վաղինակը, իհարկե, ուզում էր անմիջապես այդ գիրքը դեն շպրտել, բայց ինչպե՞ս տանից փող ուզի, ինչի՞ համար, հո չէ՞ր կարա գրքի փողը չտալ, համադասարանցիները ի՞նչ կմտածեին, այնպես որ նա ստիպված էր այդ գիրքը քարշ տալ մինչև տուն: Հաջորդ դասաժամը դիրեկտորի՝ Սողոմոնյանի դասաժամն էր, աշակերտները դասարան մտան արդեն բանաստեծի՝ գրքի հեղինակի դասարանը, նորընծա պոետի դասարանը: Նրանք կարծես հայտնագործություն էին արել, դիրեկտորի պոետ լինելը նրանց համար հայտնություն էր: Իսկ Սողոմոնյանը վաղուց գիտեր, որ ինքը բանաստեղծ է ու գրքի հեղինակ, դրա համար էլ դասը սկսեց ինչպես միշտ: Նա շատ հանգիստ էր իր պոետ լինելու կապակցությամբ, վստահ էր, որ մինիմում հազար ընթերցող ունի, եթե բոլոր աշակետները դասի գան՝ կարող է հազար երկու հարյուր ընթերցող ունենալ, հիմա ամեն ինչ այդպես է, ով ինչքան ենթակա ունի՝ այնքան ընթերցող: Սողոմոնյանը նախ մի ծույլի արագ կարգով նախատեց ու երկուս նշանակեց, որ մնացածը զգաստանան, հետո մի երեք նշանակեց, ու քանի որ լավ տրամադրություն ուներ, գիրքը լույս տեսնելու, ավելի ճիշտ՝ դպրոց տեսնելու կապակցությամբ, երրորդ աշակերտին հինգ նշանակեց ու անցավ նոր դասին: Սողոմոնյանը իրեն հատուկ ոճով, հանդարտ, առանց շտապելու՜, միալա՜ր սկսեց պատմել նոր դասը:Նրա միատարր արտահայտություններից որքան էլ որ հոգնած լինեին աշակերտները, մևնույն է, չէին համարձակվում որևէ չարություն ձեռնարկել ուսուցչին բարկացնելու համար, քանզի գործ ունեին դպրոցի դիրեկտորի հետ : Ու Սողոմոնյանը հանգի՜ստ, մեկը մեկի հետևից , շարում էր իր անգիր արած արտահայտությունները արդեն չգիտեմ որերորդ անգամ: Նա պատմում էր Րաֆֆու ստեղծագործությունների մասին ու հանկարծ կենտրոնացավ Րաֆֆու ստեղծած կերպարներից մեկի, Տեր Թոդիկի էության վրա: Մարդու իրավունքների նոր դարաշրջանում դա շատ հարմար թեմա է աշակերտներին մարդու իրավունքները ու ազատությունները սովորեցնելու համար: Նա հո չէ՛ր բացատրելու,՛ որ իրավունք ունեք գիրքը չգնել, դա իր բիզնեսին վնաս էր, իսկ Տեր Թոդիկի վայրենությունների մասին, որի համար հիմա նրան դատի կտաին, խնդրեմ, ինչքան ուզես: Մևնույն ժամանակ նրա անձնավորությունը բարձրանում էր աշակերտնետրի մոտ, չէ՞ որ նա նույնպես դպրոցի տնօրեն էր, ինչպես Տեր Թոդիկը: Սողոմոնյանը լինելով դպրոցի տնօրեն, ոչ մեկին ո՛չ ճիպոտահարում էր, ինչպես Տեր Թոդիկը, ո՛չ էլ ստիպում էր ամբողջ օրը մերկացրած ծնկներով փշրված աղյուսի վրա չոքած կենալ: Սողոմոնյանը որևէ մեկին նույնիսկ կշտամբած չկար, ուղղակի դրա կարիքը չկար, բոլորը զգուշանում էին նրանից, նա դիրեկտոր էր, ամեն ինչ դպրոցում կախված էր նրանից... և ստացվում էր, որ բոլորը հարգում էին նրան: Սողոմոնյանը իր միալար ու հոգնած տոնով, մինչև դասի վերջ խոսեց Տեր Թոդիկի մասին: Դասի վերջին րոպեներին արդեն նրա ամեն մի խոսքը մի երկար ճիպոտի նման իջնում էր դասը լսող աշակերտների գլխին: Վերջապես հնչեց դասաժամի ավարտի ազատության զանգը, Սողոմոնյանի վերջին ճիպոտախոսքը մնաց օդի մեջ կախված, զանգը հնչեց այն պահին, երբ Սողոմոնյանը հերթական անգամ արտասանում էր ճիպոտ բառը, զանգը հնչեց, երբ նա հասցրել էր ասել բառի առաջին երկու տառը, ճի՛, ու տեսնելով, թե ինչպես են աշակերտները ձկների նման մեկը մեկի կողքից սահելով դուրս ծլկում դասարանից, փորձեց ձևափոխել իր արտասանած ճի-ն ու դարձնել չի՛, ու ասել չի կարելի: Բայց Սողոմոմնյանը չհասցրեց իր նորաստեղծ նկատողությունը կիրառել, աշակերտները մի քանի վայրկյանում չքացան դասարանից, իսկ Սողոմոնյանը արդյունքում ստեղծեց նոր բառ, ճիչի՛: Բայց Սողոմոնյանը չգիտեր, որ դա իր նոր մականունն է, որ կնքելու էին նրան երեխաները, պարոն Ճիչի՛: Վաղինակը, հոգնած ու խոշտանգված Սողոմոնյանի հոգևոր ճիպոտահարումներից, մտավ տղաների զուգարան: Նա, իհարկե, ո՛չ մի կարիք չուներ ու զուգարան մտավ այնպես, կարծես թե ներս մտավ իրենց տան վերելակը: Վերելակի չորորդ հարկ բարձրանալու կոճակի փոխարեն նա փչացած փականքի լեզվակը մի կերպ խցկեց փականքի անցքը, բարձրացավ պատուհանի գոգը, պայուսակը դուրս նետեց օդանցքից, ապա դուրս հանեց օդանցքից մի ոտքը, ուզում էր դուրս հանել գլուխը, որ մի շարժումով մարմնի կեսը հայտնվի պատուհանի մյուս կողմում, բայց հենց այդ պահին լսեց մի հռնդյուն: Դա զուգարանի դուռն էր: Այդ օրը ամեն ինչ հակառակ էր, Սարգիսը ճաշարան գնալուց առաջ էր եկել զուգարան, Վաղինակը մի պահ սառեց այդ դիրքում, մի ոտքը օդանցքից դուրս, իսկ մյուսը՝ պատուհանի գոքին, և հենց այդ պահին միջանցքում հայտնվեց դպրոցի դիրեկտորը: Տղաների զուգարանը միջանցքի վերջում էր ու, փաստորեն, միջանցքի շարունակությունն էր, երբ զուգարանի դուռը բացում էին, զուգարանի ներսը ամբողջությամբ երևում էր, ու Վաղինակի ու դպրոցի դիրեկտորի հայացքները իրար հանդիպեցին, դիրեկտորը կարծես մի ակնթարթում հիպնոսացրեց Վաղինակաին և նա նույնիսկ չմտածեց ոտքը դուրս բերել օդանցքից, մի ոտքով պատուհանի գոգին, իսկ մյուսը՝ օդանցքից դուրս, նա նայում էր դիրեկտորին, նրան թվում էր, թե դա ոչ թե դպրոցի դիրեկտորն է, այլ՝ զուգարանի, նա սպասում էր զուգարանի դիրեկտորի հրահանգին ու վերջապես դիրեկտորը սպառնալից հայացքով նրան կանչեց իր մոտ: - Վաղը առանց ծնողի դպրոց չգաս: - էսքան էլ անհաջող օ՛ր լինի,- մտածում էր Վաղինակը՝ գլխիկոր քյալելով դեպի տուն: Տուն մտնելուն պես, Վաղինակը դիրեկտորի բանաստեղծությունների ժողովածուն ցուցադրաբար տարավ դրեց հյուրասենյակի սեղանին, կարծես թե ուզում էր ասել, որ մենակ ես չեմ հիմարություններ անում, էս էլ ինքը՝ դիրեկտորն է արել, որ ծնող է կանչում: Վաղինակը հույս ուներ գրքի համար փող ուզելով ծնողների ուշադրությունը շեղել այն հանգամանքից, որ իրենց դպրոց են կանչել: - Մա՛, էլի փող են հավաքում: - Էս անգամ ինչի՞ համար: - Գրքի համար, որ ինձ հեչ պեք չէ: - Է՛ որ պետք չէ ինչու՞ ես գնում: - Ես չեմ գնում, գնեցնում են, բերեցին բաժանեցին ու ասին վաղը փողը կբերեք, բոլորը բերելու են, ես ի՞նչ անեմ, չտա՞մ, որ վրաս ծիծաղե՛ն: - Տղա ջան, ի՞նչ է նշանակում բոլո՛րը: - Բոլորը, նշանակում է բոլորը, ո՛չ թե կեսը կամ մի մասը, մա ջան, դու չգիտե՞ս էդ բոլորը ո՛վ է: Վաղինակի մորը զայրացրեցեց տղայի իռոնիան: - Տղա ջան ի՛նչ ես առել անցել, բոլորը, բոլորը, ոչխարի հոտը նույնպես բոլոր է, հիմա ի՞նչ անենք, - Համաձայն եմ մա ջան, դա հո նորություն չէ, ուղղակի էդ ոչխարի հոտը եկեղեցուց քշել են ուղիղ դեպի դպրոց ու հիմա էլ գիրք են բաժանում ու բոլորս հլու հնազանդ պիտի գնենք, որովհետև բաժանում են, ուրիշ պատճառ չկա այդ գիրքը գնելու, մեզ այդքանն էլ է բավական, ինչ ուզենան բաժանեն, իրենց դպրոցը չէ՞, իրենց հոտը չէ՞, ուզենան կխուզեն, ուզենան կկթեն, չնայած կթելը հետո է, երբ որ դպրոցը ավարտես ու գնաս գործի, նոր կսկսեն կթել: - Էլի սկսեցիր քո փիլիսոփայությունները, ես քեզ բան եմ ասում... - Մա ջան ի՞նչ փիլիսոփայություն, ես մեղավո՞ր եմ, որ աշակերտների հետ վարվում են ինչպես ոչխարի հոտի հետ, հո ես չեմ տվել դրանց էդ արտոնությունները, կամ ես չեմ դաստիարակել դպրոցի երեխաներին ու նրանց ծնողներին, ես ի՞նչ անեմ, որ իրենց մտածելակերպը հոտի մտածելակերպ է, իսկ ես չեմ ուզում սպիտակ ագռավ լինել, հերն էլ անիծած, լավ է էդ փողը տանեմ տամ, քան գլուխս դնեմ ավետարանի տակ, որ իսկական ոչխար դառնամ: Ախր հիմա ամեն ինչ փողով է, մա ջան, ես ինչ անեմ, նույնիսկ հեղինակությունը կարաս փողը տաս ու գնես, ի՛նչ կամենաս: Հավատու՞մ ես մա, ինտերնետում մի հարուստի թուլա փող է վճարում իր կայքի հաճախորդներին միայն այն բանի համար, որ կայքում ինքը գրելիս հայհոյանքներ օգտագործի, իսկ այցելուները չհայոյեն, հիմա փողով ամեն ինչ անում են մա ջան, էնպիսի բաներ են անում, որ պոռնկությունը դրանց համեմատ արդեն անմեղ զբաղմունք է: Ազատ շուկա է, մա ջան, ով ինչ կարում է, ում վրա կարում է, վաճառում է, ով կարա չգնել չի գնում, ով չի կարա՝ պիտի գնի, այլապես ավելի շատ ծախսերի տակ կգցեն, դե գործ են անում էլի, ինչ ասես: Մեկը սուտ հիվանդության լուր է տարածում, որ դեղ վաճառի, մեկն էլ զոռով ընթերցող է գտնում, որ իր գիրքը վաճառի: - Չլինի՞ դեղ էլ են վաճառում ձեզ: - Շատ հնարավոր է, մա ջան, հիմա մեր կրթության նախարարը բժիշկ է, ասում են նոր դեղահաբեր է հորինել, մի հաբ կուլ ես տալիս ու վռազ սկսում ես օտար լեզվով խոսել: Իսկ երբ սկսեցիր օտար լեզվով խոսել, կսկսեն օտարալեզու գրքեր ներկրել Հայաստան, ախր ներկրելու գործը լավ են յուրացրել, հեշտ ու արագ փող շինելու համար շատ հարմար է: Ամեն մարդ ինչ մասնագիտություն ունի, ըստ իր մասնագիտության մի բան ներկրում է: Դե կրթության նախարարն էլ օտար լեզու է ներկրում, որ փող սարգի մեր վրա:Պատկերացնում ե՞ս ինչքան նոր գրքեր կվաճառեն աշակերտների վրա, ա՛յ թե բիզնես եմ ասել, անգլիայի գրախանութները կդատարկվեն, էն վերջին ճմրթած տետրակն էլ կբերեն, մեր վրա կսաղացնեն: - Հողերս դրանց գլուխը, մինչև հիմա արտասահմանից բերած արհեստական կերակուր էին վաճառում ժողովրդի վրա, մեր իսկական սնունդ արտադրողին խեղդելով, հիմա էլ անցել են արդեն օտարալեզվության, ի՞նչ գրքեր են բելելու մեր վրա զոռով վաճառեն, դե գնա ու գիտեցի: Ախր գիրքը էնպիսի բան է, որ եթե մի անգամ երեխի աչքը կպավ, ամբողջ կյանքում հիշելու է, մեր հարկի տակ, մեր փողերով, մեր երեխաներին օտար դաստիարակություն ենք տալու ու հետն էլ գռփում են մեզ, հողեմ դրանց գլուխը: - Մա ջան ազատ շուկա է, ի՞նչ անես, Ամերիկայի նման է, էնտեղ էլ հայ ուսանողների վրա տվյալ ինստիտուտի վայհայագետների գրած գրքերն են վաճառում, որ ուրիշ գրքով չսովորեն ու իրենց հորինած պատմությունը հալած յուղի տեղ ընդունեն, բիզնես է, ի՞նչ կարաս անես, ով կարողացավ վաճառել, նա էլ ճիշտ է: - Լավ դրանք աստված չունե՞ն: - Ինչու՛ չունեն, ունե՜ն, դրանց աստվածը վաշխառու է, մա ջան, ամեն ինչից փող է սարգում: Վաղինակի մայրը տղայի ասածները չէր հաստատում, բայց լռում էր, որ համաձայնության նշան է, և դա հասկանում էր Վաղինակը: Վաղինակը որսալով հարմար պահ, երբ մայրը զայրացած էր ո՛չ թե իր, այլ ուրիշի վրա, իսկ իրեն հետ համամիտ էր, որոշեց ասել նրան վաղը դպրոց ներկայանալու մասին: - Մա քեզ վաղը դպրոց են կանչել: - Ո՞վ, ինչի՛ համար: - Մեր ժամանակակից Տեր Թոդիկը, ճիպոտ չունի, որ մեզ իզուր տեղը ձաղկի, ստիպված ծնող է կանչում: Մայրը կասկսծանքով նայեց Վաղինակին, մի պահ լռեց ու անսպասելի հարցրեց: - Իսկ էդ ի՞նչ գիրք էր, էդպես էլ չասացիր: - Բանաստեղծությունների ժողովածու է: - Ո՞վ է հեղինակը: - Տեր Պոետիկը: - Յա՜, աչքներս լույս, էպեջա զարգացել ենք, Տեր Թոդիկը Տեր Պոետիկ է դարձել:

Comments

Popular posts from this blog

Մարուքյանի մարտադաշտը

Փոշոտ ծառերը

Նախագահի տապանը

Վերք Հայաստանի

Թայքյաշ տոտա

Ուստեն

Միշտէլ այսպես է եղել

Ուռած տերտերը

ԵՍ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ

Սպիտակ Գիրքը